Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը զարմանալիորեն լուռ է արձագանքել ռուսաստանյան հասարակական կառույցներից մեկի պաշտոնյայի հայտարարությանը` Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող և զբաղեցրած անձանց վերաբերյալ ունեցած տեղեկությունների մասին, որոնցում, ըստ ռուսաստանցի գործչի հայտարարության, կան հանցավոր բնույթի իրողություններ:
Մարինա Գալյուչենկոն՝ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն, ասել էր, որ ունեն Հայաստանի հանցավոր պաշտոնյաների մասին տեղեկություններ և փոխանցելու են իրենց իշխանություններին: Որևէ երկրում սա պարզապես կդառնար քաղաքական հրաժարականների, բացահայտումների, մերկացումների առիթ, իսկ Հայաստանում բոլորը լուռ են, առավել ևս քաղաքական ընդդիմությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղված է իր «բարևարշավով» և ապրիլի 9-ի նախապատրաստությամբ, իսկ ընդդիմադիր դաշտում դիրքերի համար պայքարող մյուս ուժերն էլ զբաղված են նրա հետևից հասցնելու, նրան շատ առաջ չթողնելու խնդրով: Մինչդեռ թվում էր, որ ընդդիմությունը պետք է անհապաղ կերպով հարցապնդումներով ողողեր պետական կառույցները, հատկապես, որ խորհրդարանական մանդատները տալիս են այդ հնարավորությունը:
Ռուսաստանից, ամենևին ոչ անանուն աղբյուր, նաև իշխանություններին կից կառույց, արել է չափազանց կարևոր հայտարարություն, ընդ որում` Ռուսաստանի իշխանությունները այդ հայտարարությունից հետո որևէ հերքող արձագանք չեն տվել, ինչը նշանակում է, որ հաստատել են հայտարարությունը իրենց լռությամբ: Այստեղ, իհարկե, հետաքրքիր է, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները: Մասնավորապես` հետաքրքրական հարց է, թե արդյոք Ռուսաստանը ի վերջո կհրապարակի՞ հայ պաշտոնյաների ցուցակը: Դա կլինի յուրօրինակ «Մագնիտսկու ցուցակ», բայց արդեն Հայաստանի վերաբերյալ:
«Մագնիտսկու ցուցակն», ինչպես հայտնի է, Ռուսաստանի պաշտոնյաների հանդեպ կիրառեց ԱՄՆ-ը` արգելելով մուտք գործել իր տարածք այն պաշտոնյաներին, որոնք առնչություն են ունեցել Մագնիտսկու գործին, որը խոշոր կոռուպցիոն բացահայտումներին էր վերաբերում:
Այժմ էլ խոսքը գնում է խոշոր կոռուպցիոն իրողությունների մասին, պաշտոնյաների հանցանքի մասին, ինչը կարող է հիմք հանդիսանալ հրապարակել այդ նախկին և ներկա պաշտոնյաների ցանկը և մտածել նրանց հանդեպ սանկցիաներ կիրառելու մասին: Ռուսաստանը կարող է արգելել այդ պաշտոնյաների մուտքը իր տարածք, ինչը այդ իրավիճակում կլինի միանգամայն տրամաբանական որոշում: Ի դեպ, տրամաբանությունը նաև հուշում է, որ նույն քայլը կարող է կատարել նաև Հայաստանի Հանրապետությունը` արգելելով Հայաստան մուտք գործել այն պաշտոնյաներին, որոնք օժանդակել են հայաստանցիներին: Հայտարարության մեջ նշվում էր նաև նրանց մասին: Մարինա Գալյուչենկոն նշել էր, որ ունեն տեղեկատվություն նաև ռուսաստանցի պաշտոնյաների մասին, որոնք աջակցել են Հայաստանի նախկին կամ ներկա պաշտոնյաներին յուրացրած գումարները Ռուսաստան տեղափոխելու հարցում: Այսինքն` առնվազն առկա են բոլոր հիմքերը, որ երկու երկրների միջև սկսվեին իրավա-քաղաքական խորհրդակցություններ այդ խնդրի կապակցությամբ: Բայց դա, այսպես ասած, քաղաքակիրթ-տրամաբանական կոնտեքստի պարագայում, մինչդեռ առավել հավանականը երևի թե քաղաքական կոնտեքստն է: Համենայնդեպս, առայժմ գերակա է այդ տպավորությունը, քանի որ այլ կոնտեքստի համար անհրաժեշտ էր, որպեսզի, օրինակ, Ռուսաստանն ինքը գործնական և առարկայական պայքար մղեր կոռուպցիայի դեմ:
Մինչդեռ Ռուսաստանում այդ պայքարը կրում է կամ կոսմետիկ բնույթ, կամ պայմանավորված է ընդամենը ներռուսաստանյան քաղաքական իրողություններով: Այսինքն` եթե Ռուսաստանն ինքը չունի ապակոռումպացված պետական կառավարման համակարգ, նա հազիվ թե լիարժեք անկեղծությամբ փորձի բացահայտել հայաստանցի պետական գողերին: Եթե փորձում է, ուրեմն այստեղ էլ առաջնահերթը ինչ-որ քաղաքական կամ այլ շահ է: Այսինքն` օրինականությունը այստեղ նպատակ չէ, այլ միջոց այլ նպատակների համար: Աներկբա պնդելն իհարկե սխալ կլինի, բայց Ռուսաստանը դեռ պետք է ապացուցի հակառակը: Մեկնաբանություններն առավել ևս ավելորդ են Հայաստանի առումով: Այսինքն` քաղաքակիրթ կառավարման համակարգի դեպքում, Հայաստանն արդեն իսկ պետք է ակտիվորեն սկսեր հրապարակային աշխատանքը Ռուսաստանի հետ, սակայն Հայաստանը ոչինչ էլ չի սկսել, համենայնդեպս` հրապարակային, որովհետև Հայաստանի պետական կառավարման համակարգն էլ կոռումպացված շահերի համախումբ է:
Տեսականում պետք չէ բացառել, որ այդ կոռուպցիահեն գործունեության հարցում իրար փոխադարձ ձեռք մեկնած Հայաստանն ու Ռուսաստանը տեսնելով այլևս անդունդի հատակը, որին շատ շուտով զարնվելու են երկու պետություններն էլª այդպես շարունակելու դեպքում, որոշել են այսօր էլ միմյանց օգնել վեր բարձրանալու, այսինքն` կոռուպցիայի դեմ իսկապես անշահախնդիր պայքար սկսելու համար: Սակայն եթե դա այդպես է, ապա «Մագնիտսկու» երկկողմ ցուցակը և անցանկալի պաշտոնյաների անունները այն նվազագույն ինդիկատորը կարող են լինել, որ կվկայեն այդպիսի իրական ցանկության առկայության մասին: Իրավիճակն այնպիսին է, որ առանց դրա առնվազն դժվար է պատկերացնել անկեղծություն: Իսկ եթե չկա անկեղծություն, ապա այստեղ արդեն առաջին հայացքից դրական թվացող զարգացումը կարող է իր տակ պետության համար բավական վտանգավոր խաղ պարունակել, քանի որ այստեղ, իհարկե, Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր քաշային կատեգորիաներում են, և բնական է, որ Ռուսաստանն իր քաշով պարզապես կճնշի Հայաստանին` թեկուզ զոհելով Հայաստանում իր որոշ «գործընկերների»:
Ահա թե ինչու Հայաստանի շահը պահանջում է սկսված այդ գործընթացի անհապաղ հրապարակայնացում, որպեսզի տեղի ունեցածը չօգտագործվի Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար: Այսինքն` ստեղծված իրավիճակում Հայաստանի հասարակության խնդիրն է օգտագործել հնարավորությունը և հասնել նրան, որ սկսված որոշակի գործընթացը անհապաղ հրապարակայնացվի, ինչով կերաշխավորվի, որ այն ծառայելու է Հայաստանի հասարակության շահին: Շատ լավ է, եթե Ռուսաստանը կօգնի Հայաստանի հասարակությանը թեկուզ ինչ-որ չափով լուծել կոռումպացված մեծ ու փոքր պաշտոնյաներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու հարցը: Բայց եթե այդ պաշտոնյաները Ռուսաստանի ձեռքին դառնալու են արդեն Հայաստանին և նրա հասարակությանը որևէ բան պարտադրելու գործիք, ապա դա, իհարկե, պետք է կանխվի, առավել ևս, որ այդ դեպքում կոռուպցիոներների պատասխանատվության մասին խոսք չի լինի, այլ ընդամենը նրանց մի թեթև օգտագործելու:








































