Մումիաները, որպես կանոն, ասոցացվում են Հին Եգիպտոսի հետ: Սակայն վերջերս տեղի ունեցած հնագիտական գտածոները ցույց են տվել, որ ննջեցյալներին զմռսելու ծիսակատարությունը կիրառվել է նաև եվրոպացիների կողմից: Այսպես, Բրիտանիայում հայտնաբերվել են Բրոնզե դարի ժամանակաշրջանի զմռսված մնացորդներ: Դրանք գտել են Մանչեսթերի համալսարանից Թոմ Բութն ու նրա գործընկերները:
Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են ոսկորներ, որոնք, ըստ նրանց, շատ լավ են պահպանվել: Դրանց վնասվածքներն ուսումնասիրելիս Բութը հիշել է, որ նման տեսք ունեին Եմենում և Իռլանդիայում հայտնաբերված մումիաների մնացորդները:
Բանն այն է, որ մնացորդների քայքայմանը մասնակցող մանրէները դրանց մակերեսին բազմաթիվ հետքեր են թողնում՝ դրանք «ծերացնելով»: Զմռսելիս ոսկորները մասամբ չեն ենթարկվում նման էրոզիայի և այնպիսի տեսք ունեն՝ ասես վերցված են կենդանի մարդուց:
Բութը և նրա թիմը մանրադիտակների ու լուսանկարների վերլուծության ալգորիթմի օգնությամբ ապացուցել են, որ Հեբրիդյան կղզիներում հայտնաբերված ոսկորները պատկանում են մումիաներին, ոչ թե սովորական դիակների:










































