«Ես այնքան էլ չեմ կապում մեկը մյուսի հետ, բայց քանի որ երկուսն էլ քաղաքական իրադարձություն է, իր ազդեցությունը կունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական ուղի» կուսակության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ավագանու համամասնական ցուցակում ընդգրկված Արթուր Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կունենա «Բարև Երևան» դաշինքի վրա Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը։
«Բնականաբար, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունն իրականացվի, ժողովրդի վրա այն իր ազդեցությունն, անշուշտ, կունենա։ «Բարև Երևան» դաշինքն էլ դրանից կշահի, կարծում եմ՝ ժողովրդի արձագանքը լավը կլինի: Այսինքն, եթե իշխանությունները հանկարծ 5 տարի առաջվա Մարտի մեկի պես ապօրինի քայլեր թույլ տան, սադրանք իրականացնեն ու բախումներ հրահրեն, ապա դա նորից «Բարև Երևան» դաշինքի վրա դրական ազդեցություն կունենա»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե համաձա՞յն է Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր հայտարարությունների ու քայլերի հետ, օրինակ՝ այսօր Վանաձորում արված «Մեղավորը ես եմ, սուրբը Դուք եղեք, Սե՛րժ Սարգսյան, բայց եթե Ձեր ձեռքը դրեցիք Սահմանադրության վրա ու երդվեցիք, ինձ հետ գնալու եք դժոխք» արտահայտության հետ, Ա. Գասպարյանը պատասխանեց. «Ես ասեմ, վերջը դժոխք դրախտի պահը չէ, ես ինքս աշխարհիկ կյանքով եմ ապրում, ես տենց բաների, ճիշտն ասած, այդքան էլ չեմ հավատում, բայց չեմ էլ քննադատում կամ մեղադրում այն մարդկանց, ովքեր հավատում են:
Իսկ ընդհանրապես՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը երբեմն թվում է, թե անտրամաբանական են, բայց դրանք շատ խորը իմաստ ունեն իրականում: Խորապես չեմ կարողանում պատկերացնել այդ հայտարարությունը՝ քանի որ հոգևոր, կրոնական տարր է իր մեջ պարունակում, բայց համոզված եմ, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անցյալը նայելով էլ հաստատում եմ՝ ինքը միշտ ինչ հայտարարություն արել է, վերջում ունեցել է իր տրամաբանությունը: Մոտ ապագայում պարզ է դարձել հասարակությանն ու քաղաքական գործիչներին իր արած քայլերի տրամաբանությունը:
Ես կասեի այսօր իշխանությունները շատ բան ունեն սովորելու Րաֆֆի Հովհաննիսյանից: «Ժառանգության» առաջնորդն այսօր մի հայտարարություն է անում, միաժամանակ հետո նոր է դրա տրամաբանությունը պարզվում, իսկ իշխանություններն այսօր՝ ում մտքով ինչ անցնի՝ մանավանդ Շարմազանովը կամ Գալուստ Սահակյանը, ինչ այդ պահին ուղեղները բրդում է հայտարարություն են անում՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին։ Էլ չեմ ասում դրանց սոցիալական ազդեցությունը»։









































