ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը սահմանադրական փոփոխությունների թեմայով համաժողովի ընթացքում, ի մի բերելով դեմ և կողմ մոտեցումներն ու փաստարկները, եզրահանգել է, որ նրանք, ովքեր, առանց խորամուխ լինելու, դեմ են հանդես գալիս փոփոխություններին, փաստորեն հանդես են գալիս ներկայիս կառուցվածքի, ներկայիս իշխանությունների վերարտադրության օգտին:
ՀՅԴ այս գնահատականը միանգամայն հասկանալի է, քանի որ կուսակցությունը, ըստ էության, կողմ է հանդես գալիս փոփոխություններին, անգամ հայտարարում է, որ սա իր մոտեցումների հաղթանակն է:
ՀՅԴ նմանօրինակ գնահատականներըվերարտադրության վերաբերյալ, սակայն, շատ հետաքրքրական են այն ֆոնին, որ սահմանադրական փոփոխություններին դեմ է հանդես գալիս նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի ֆիգուրն այս գործընթացում ընդհանուր առմամբ, կամա թե ակամա, հայտնվել է առանցքային դիրքերում: Միաժամանակ, առանցքային դերում է հայտնվել նաև ՀՅԴ-ն: Կար ժամանակ, որ Քոչարյանն ու ՀՅԴ-ն, ըստ էության, միասնական քաղաքականության կրող էին: Եվ հիմա ՀՅԴ-ն փաստորեն ակնարկում է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես գալով՝ Ռոբերտ Քոչարյանն էլ փորձում է վերարտադրել ներկայիս իշխանությունը:
Ըստ էության ստացվում է, որ երբեմնի զինակիցներ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ներկայումս ըստ էության դարձել են մրցակիցներ, և այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն պայմանավորվել է իշխանության գալու հարցում, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրան խանգարողների մեջ է, ավելին՝ առանցքային ֆիգուրն է, քանի որ գրեթե բոլորը համակարծիք են այն հարցում, որ Սերժ Սարգսյանի համար քիչ թե շատ խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն իր ունեցած ռեսուրսներով աջակցություն ցուցաբերի սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերին:
ՀՅԴ-ի հանգամանքը Սերժ Սարգսյանի համար երևի թե կարևոր նշանակություն ունի հենց այս տեսանկյունից: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների մասով իրավիճակը միշտ էլ եղել է, այսպես ասած, հարաբերական կայունության շրջանակում: ՀՀԿ-ն երբեք Ռոբերտ Քոչարյանին չի ընկալել յուրային, և երբ այսօր հանրապետականները Սերժ Սարգսյանի հրահանգով մեկ մարդու պես տարբեր աստիճանի ուրացումներով«ուրանում» են Քոչարյանին, դա, ըստ էության, Քոչարյանին հարված չի դիտվում: Քոչարյանն ընդամենը վարժեցրել էր ՀՀԿ-ին, այսպես ասած, սովորեցրել իշխանական կերակրատաշտին, և այսօր պարզապես վարժեցնողը փոխվել է: Իսկ ահա ՀՅԴ-ի պարագան այլ է, և ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանին իսկապես ընկալում էր յուրային, և այստեղ հարաբերությունները տարիներ շարունակ իսկապես ավելի խորն են եղել և չեն եղել լոկ իշխանական կերակրատաշտով պայմանավորված: Եվ այս դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ուղղակի թե անուղղակի, դուրս է գալիս ՀՅԴ-ն, դա արդեն իսկապես հարված է Քոչարյանին. և՛ քաղաքական, և՛ նաև հոգեբանական հարված:
Սա, անշուշտ, ՀՅԴ-ի առաքելության միակ կամ հիմնական նպատակը չէ Սերժ Սարգսյանի համար, սակայն անկասկած նպատակներից մեկն է, որովհետև իշխանությունը կամ պաշտոնը Ռոբերտ Քոչարյանը ըստ էության կորցրել էր լոկ Սահմանադրության ուժով, այսինքն՝ զրկված լինելով պահելու դե յուրե հնարավորությունից, իսկ ահա ՀՅԴ-ին Քոչարյանը փաստորեն կորցնում է արդեն Սերժ Սարգսյանի հետ պայքարում, կամ ավելի ճիշտ՝ ՀՅԴ-ն այն է և գուցե թե գոնե առայժմ այն միակը, որ Քոչարյանն այդ պայքարում կորցնում է, այսպես ասած, իր ունեցածից:









































