Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, այն կավարտվի մայիսի 3-ին:
Ավագանու ընտրություններին մասնակցելու են 6 կուսակցություն և մեկ դաշինք` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն և «Բարև, Երևան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների և մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունը և մեկ դաշինքը ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարել:
ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անկուսակցականներ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Երևանում ստեղծվել է ՀՀԿ 400-ից ավելի նախընտրական շտաբներ: Այս ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսն է «Ավելի լավ Երևան»: Շտաբը ղեկավարելու է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերում են՝ ՕԵԿ վարչության անդամ, նախկին Հանրապետական, ինչպես նաև Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:«Օրինակ երկիր» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Խաչիկ Հարությունյանը: ՕԵԿ-ը կունենա մոտ 50 շտաբ: OԵԿ նախընտրական կարգախոսն է. «Մենք կարող ենք ավելին»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը կլինի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, իսկ քարոզչության գծով պատասխանատուն` Նաիրա Զոհրաբյանը: Ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և ԱԺ պատգամավոր, անկուսակցական Աբրահամ Մանուկյանը։ ԲՀԿ Երևանի ավագանու կարգախոսն է «Սկսե՛նք Երևանից»
ՀՅԴ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ նախընտրական կարգախոսն է. «Երևան՝ փոխիր Հայաստանը»:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների թիվը 42-ն է: Ցուցակի առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ-ից Զոյա Թադևոսյանը և Արման Մուսինյանը: Հայ ազգային կոնգրեսի նախընտրական կարգախոսն է «Իշխանությունը քաղաքացուն»:
«Բարև, Երևան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Գագիկ Բաղդասարյանը: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են հետևյալ հերթականությամբ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը և «Մելտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։ Երևանի ընտրություններում Դաշինքը հանդես կգա «Բարև, Երևան» կարգախոսով:
«Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 29 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչյա Սարգսյանը: «Առաքելություն» կուսակցության կարգախոսն է «Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով», «Երևան. մեր առաջին առաքելությունը»
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցւմ է 6 կուսակցություններ և մեկ դաշինք: Դրանք են, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն և «Բարև, Երևան» դաշինքը:
«Բարև, Երևան» դաշինքում ներկայացված են ներկայացուցիչներ «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցություններից, նաև կան գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ:
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: Քաղաքական ուժերը կպայքարեն Երևանի ավագանու 65 տեղի համար: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով:










































