ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները հարցաքննել են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսին, ով հրաժարական է տվել իր կենսագրի հետ արտամուսնական կապի պատճառով: Այս մասին հաղորդում է USA Today թերթը:
Զրույցը տեղի է ունեցել Արլինգթոնում գտնվող Պետրեուսի առանձնատանը: ՀԴԲ-ն հրաժարվել է մեկնաբանել վերջինիս հետ ունեցած զրույցը՝ ասելով, որ նա պատրաստ է համագործակցել:
ՀԴԲ-ն, սակայն, փորձում է ճշտել՝ արդյո՞ք Պետրեուսի սիրուհի Փոլա Բրոդվելը չի ստացել գաղտնի տեղեկություններ, և ծառայողական փաստաթղթերը պահպանվել են անհրաժե՞շտ տեղում: Հայտնի է, որ Բրոդվելի համակարգչում փաստաթղթեր են գտնվել, սակայն հայտնի չէ, թե ինչ բնույթի: Ավելի վաղ Պետրեուսը հայտարարել էր, որ գաղտնի տեղեկությամբ չի կիսվել իր, այսպես ասած, «բարեկամուհու» հետ:









































