Ուրբաթ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մեկնարկել է աղի օգտագործման դեմ պայքարի քարոզարշավ: Ակցիային մասնակցող ռեստորանները սեղաններից վերցրել են աղամանները, որպեսզի հաճախորդները չչարաշահեն աղի օգտագործումը: Այս մասին հաղորդում է RIA Novoti-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Քարոզարշավը կրում է «Քիչ աղ, շատ առողջություն» անվանումը և անցկացվում է մայրաքաղաքի իշխանությունների հովանու ներքո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս աղի օրական չափաբաժինը սահմանափակել հինգ գրամով մեկ մարդու համար, իսկ Մեխիկոյում այս նորման գերազանցված է շուրջ երկու անգամ:
Ռեստորաններն այս ծրագրին ինքնակամ են մասնակցում, և ամեն դեպքում, եթե հաճախորդը կցանկանա ճաշատեսակի վրա աղ ավելացնել, ապա կստանա աղաման:
Քաղաքի առողջապահության նախարարությունը տնային տնտեսուհիներին առաջարկել է սեղանների վրայից վերցնել աղամանները, որպեսզի տան անդամները հրաժարվեն վատ սովորությունից` սկզբում ճաշատեսակի վրա աղ լցնել, ապա նոր փորձել այն:










































