ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն է արել, նա հրապարակավ կասկածի տակ է դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը:
«Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,-ասել է նա:
«Ժողովուրդը» գրում է, որ այլ կերպ ասած՝ ԱԱԽ քարտուղարն անձամբ է խոստովանել, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձևավորել, այսինքն՝ ոչ Աժ-ն, ոչ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով: Նա նաև նշել է. «Կարևոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»: Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, միգուցե համարեինք հասարակ քննադատություն իշխանությունների հասցեին: Բայց դրա հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետևանքներ կունենար:








































