Լատվիացի ժողովուրդը կարող է վերանալ 30 տարվա ընթացքում, եթե երկրում պահպանվի արտագաղթի ներկա տեմպը: Ինչպես հաղորդում է Apollo.lv-ն, նման տեսակետ է հայտնել փաստաբան Անդրիս Գրուտուպսը:
«Եթե դիտարկենք երկիրը լքող մարդկանց թիվը, ապա դժվար չէ հաշվել, թե քանի մարդ կմնա այստեղ մինչև 2042թ.: Ոչ ամբողջական 30 տարի և վերջ՝ ժողովուրդ չի լինի»,- ասել է նա:
Խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին՝ փաստաբանն ասել է, որ Լատվիայում տապալվել է լիբերալ տնտեսության գաղափարը, որն իրականացվել է 1990-ական թթ.: Նա նաև նշել է, որ երկրում բացակայում է ազգային գաղափարախոսությունը՝ հավելելով, որ այսօր Լատվիայում կան դավաճաններ, որոնք կողջունեին «ուրիշի տանկերը»:
Լատվիայում վերջին մարդահամարն անցկացվել է 2011թ.: Այդ ժամանակ երկրի բնակչությունը կազմել է 2.067 միլիոն մարդ: Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալներով՝ 2000-2010թթ. Լատվիայի բնակչությունը նվազել է 13%-ով, ինչի պատճառն արտագաղթն է:











































