ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Դաշնային միգրացիոն ծառայության մշակած օրինագիծը, համաձայն որի՝ Ռուսաստանի տարածք մինչև 10 տարի ժամկետով կարգելվի այն ներգաղթյալների մուտքը, ովքեր բազմիցս խախտել են ռուսական օրենսդրությունը: Այս մասին ասվում է նախարարների կաբինետի կայքում զետեղված որոշումների ցուցակում, որն ընդունվել է ապրիիլ 4-ի նիստում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթով մասնավորապես նախատեսվում է սահմանափակել օտարերկրացիների՝ ՌԴ մուտք գործելու իրավունքը: Խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք երկրում վերջին 3 տարիների ընթացքում բազմիցս պատասխանատվության են ենթարկվել վարչական իրավախախտումների համար: Օտարերկրացու դեմ ռեադմիսիայի մասին կրկնակի ընդունման դեպքում նրա մուտքը Ռուսաստան կարգելվի 10 տարի ժամկետով:
Երեկ կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նման նորմեր գործում են շատ այլ երկրների օրենսդրություններում: Նրա խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ իրենց մոտ աշխատելու գնան նաև օրինապաշտ և իրենց շուկայում պահանջարկ ունեցող մարդիկ:
Կառավարության որոշմամբ՝ օրինագիծը կփոխանցվի Պետդումայի քննարկմանը:










































