Որքան մոտենում է ապրիլի 9-ը, այնքան ավելի են ինտենսիվանում հարցերը, թե ինչ է լինելու այդ օրը: Խոսքը, բնականաբար, այն մասին է, թե ինչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հայտարարել է իր երդմնակալության արարողությունը անցկացնելու մասին: Սակայն, իհարկե, բուն հարցը այն չէ, թե ինչ է լինելու ապրիլի 9-ին, այլ այն, թե ինչ է ասելու Րաֆֆի Հովհաննիսյանը այդ օրը՝ որպես հետագա գործողությունների ծրագիր, որպես երդում ընդունած նախագահ: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ օրը պետք է որ հանդես գա ծրագրային ելույթով, ստանձնելով նախագահի կարգավիճակ՝ նա պետք է այդ օրը հասարակությանը եթե ոչ մանրակրկիտ, ապա գոնե մատչելի կերպով բացատրի իր այդ կարգավիճակի ամբողջական էությունը:
Խնդիրը շատ պարզ է: Եթե այդ բացատրությունը չլինի, և Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը բավարարվի իր ավանդական, հիմնականում պաթոսով լեցուն հռետորաբանությամբ, ապա հանրային հիասթափության տարբերակը բավականին մեծ է: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև այսօր առաջնորդվում էր հենց այդ հռետորաբանությամբ: Դա ինքնին վատ չէ, բայց եթե չլիներ ապրիլի 9-ի սպասումը, հռետորաբանությունն ինքնին բավական թույլ է՝ հասարակական ալիք պահելու համար: Սակայն միգուցե խնդիրը մինչև այսօր դա էլ չէր, քանի որ պետք էր ոչ թե խոսել, այլ քայլեր կատարել:
Հովհաննիսյանը ինքնազոհողության քայլի գնաց, որը, իհարկե, ունեցավ որոշակի էֆեկտ՝ հասարակական ալիքը պահելու տեսանկյունից: Այսօր նա փորձում է շարունակել մարզային այցելություններով՝ նախապատրաստելով ապրիլի 9-ը: Սակայն այս ընթացքում ապրիլի 9-ից սպասումները, բնականաբար, ավելի են մեծանում: Իսկ ինչքան մեծանում են սպասումները հասարակության մոտ, այնքան ավելի է մեծանում հիասթափության վտանգը: Հասարակությունը սպասում է, որ ապրիլի 9-ին ինչ-որ բեկումնային իրադարձություն է լինելու: Նրան ասել, որ նման բան չի լինելու, և զուտ արարողակարգ է՝ ձևի առումով, կնշանակի վանել մարդկանց, ասել, որ չգան հրապարակ: Մինչդեռ արարողակարգի տակ պետք է լինի կոնկրետ բովանդակություն, և մարդիկ պետք է գան դրա համար:
Հենց այս բովանդակությունն է հարցը, որովհետև եթե լինի ընդամենը այն բովանդակությունը, ինչը եղել է մինչև այսօր, և անգամ լինի այդ ամենի խտացված տարբերակը, ապա մինչև այսօր եթե դա բավարար էր, ապա ապրիլի 9-ին և դրանից հետո դա արդեն շատ քիչ է: Այսինքն՝ պետք է լինի նոր, առավել հանգամանալից, համակարգված և կոնցեպտուալ բովանդակային տարր, միևնույն ժամանակ՝ հանրայնորեն մատչելի, որպեսզի մարդիկ հասկանան գործընթացի էությունը արդեն կարգավիճակային նոր իրողությունների հռչակման պայմաններում: Հակառակ դեպքում՝ թե՛ ապրիլի 9-ը, թե՛ նախագահի հայտարարված կարգավիճակը կդառնան զուտ ինքնանպատակ՝ բումերանգի էֆեկտ ունենալով հետընտրական շարժման համար, որ փորձում է ձևավորել և որին փորձում է մինչ այսօր եղած փորձերից ավելի կենսունակ միս ու արյուն տալ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տվյալ տեսանկյունից, մեծ հաշվով, էական նշանակություն չունի, թե այդ օրն ինչքան մարդ կհավաքվի հրապարակում: Կարևոր է, թե այդ օրն ինչքան մարդ տարբեր խողովակներով՝ հրապարակում, համացանցով՝ աշխատավայրում կամ տանը, կստանա այն բովանդակային նորությունը և ամբողջությունը, որն անհրաժեշտ է հետագա գործողությունների համար: Քանակի խնդիրը ունի մեկ նշանակություն՝ որոշակի արձագանքներ առաջացնել իշխանության մոտ, տպավորություն թողնել իշխանությունների վրա և ստիպել, որպեսզի նրանք գնան որոշակի քայլերի ոչ թե այն ժամանակ, երբ իրենց է պետք, այլ երբ պետք է Րաֆֆի Հովհաննիսյանին և միգուցե՝ հասարակությանը:









































