Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը այսօր շարունակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որն այսօր անցել է բավականին բուռն ու լարված մթնոլորտում: Շատերին այս դատաքննությունը ծանոթ է որպես Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նախկին փեսացուի սպանության գործի քննություն:
Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը, որի հարազատները, մտերիմներն ու փաստաբանները լիովին հավատացած են, որ Հարությունը Կարեն Եսայանի սպանության մութ պատմություններում բացարձակապես չկա:
Այսօր նաև սպառնալիքներ են հնչել Հարություն Սարգսյանի փաստաբան, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Լուսինե Սահակյանի հասցեին: Այս մասին galatv.am-ին փոխանցեց Լուսինե Սահակյանը:
«Վարդան Ղուկասյանի կողմնակիցներն էին, ես նրանց անունները չգիտեմ, դատարանին միջնորդեցի, որպեսզի պարզի նրանց անձը և հաղորդում ներկայացնի հանցագործության մասին, որովհետև սպառնում են ինձ: Դատարանը ոչինչ չձեռնարկեց: Մի քանի անգամ տարբեր սպառնալիքներ հնչեցին՝այդ թվում, որ դատարանից դուրս գամ՝գլուխս պոկելու են: Նիստի ավարտից հետո ժամանակ անցավ, կարգադրիչները իրենց հանեցին դուրս, ապա նոր ես դուրս եկա: Բայց ես հուսով եմ, որ ձեր կայքում այդ հաղորդագրությունը լինելուց հետո համապատասխան քրեական գործ կհարուցվի, որովհետև առիթ է հրապարակումը, ուստի ես սպասում եմ քրեական գործի հարուցմանը:
Նաև վկայի վրա էին ուզում ազդեցություն գործադրել: Դատարան էր հրավիրվել հիվանդ երեխա և համապատասխան փաստաթղթեր հրապարակվեցին, որ մտավոր հետամնաց է, հիվանդությամբ տառապող երեխա է, և նրանք ցանկանում էին, իմ կարծիքով, նաև ազդեցություն բանեցնել վկայի վրա, որպեսզի նա իրենց համար ցանկալի ցուցմունքներ տա, ահաբեկում էին նաև նրան»,-ԳԱԼԱ-ին փոխանցել է Լուսինե Սահակյանը:







































