Ֆրանսիայում 88 տարեկանում մահացել է երկրի նախկին նախագահ Շարլ դե Գոլի դուստրը՝ Էլիզաբեթը:
France-Presse գործակալության տվյալներով՝ նա մահացել է երեքշաբթի: Էլիզաբեթ դե Գոլի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ Փարիզում: Նա կհուղարկավորվի այն նույն գերեզմանոցում, որտեղ հանգչում են նրա հայրն ու քույրը:
Էլիզաբեթ դե Գոլը ծնվել է 1924թ. մարտի 15-ին: Նա եղել է Շարլ դե Գոլի և նրա կնոջ՝ Իվոննայի երկրորդ երեխան. Էլիզաբեթն ունեցել է ավագ եղբայր՝ Ֆիլիպը, և իրենից փոքր քույր՝ Աննան, որը տառապել է Դաունի համախտանիշով: 1946թ. Էլիզաբեթն ամուսնացել է գեներալ Ալան դե Բուասյեի հետ:
1979-1988թթ. նա ղեկավարել է Աննա դե Գոլի հիմնադրամը, որը նրա ծնողները հիմնել էին ի հիշատակ իրենց դստեր՝ Աննայի, որը մահացել է 20 տարեկանում:
Ֆրանսիացի լեգենդար գեներալ և պետական գործիչ Շարլ դե Գոլը (1890-1970թթ.) Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձել է Դիմադրության շարժման առաջնորդ: 1944թ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը, իսկ հետո ընտրվել երկրի նախագահ՝ սկիզբ դնելով Հինգերորդ հանրապետության դարաշրջանին:










































