Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ընդունման-հանձնման աշխատանքը, որը Ռուսաստանը Ադրբեջանից վարձակալել է 10 տարով, գործնականում ավարտվել է: Ինչպես հաղորդում է Contac.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:
«Ներկա պահին իրականացնում ենք սարքավորումների բեռնում և փոխադրում Ռուսաստանից ուղարկված ինքնաթիռներով»,- ասել է դիվանագետը:
Մոսկվան և Բաքուն չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել վարձակալության ժամկետի երկարաձգման շուրջ, քանի որ Ադրբեջանը պահանջել է վարձակալության գինը տարեկան 7 միլիոն դոլարից բարձրացնել մինչև 150 միլիոն դոլար:
2012թ. դեկտեմբերին Ռուսաստանը հայտարարել է ռադիոտեղորոշիչ կայանի շահագործման դադարեցման մասին:










































