Ազգային Անվտանգության խորհրդի կազմում ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել. Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով ԱԱԽ կազմում է ընդգրկվել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում` Ծառուկյանը ԱԱԽ-ում ընդգրկվել է ոչ թե որպես կոալիցիոն կուսակցության նախագահ, այլ որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար:
Ուշագրավն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված անձինք երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են. ԱԱԽ-ն նախագահում է ՀՀ նախագահը, իսկ անդամներն են` ԱԺ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, փոխվարչապետը, ԱԱԽ քարտուղարը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Նախկինում ԱԱԽ կազմում էր նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Սակայն ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո Արմեն Ռուստամյանը թեև շարունակեց պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ, բայց դուրս եկավ ԱԱԽ կազմից: Ու հիմա, Ազգային անվտանգության խորհրդի կազմում խորհրդարանից միայն ԱԺ նախագահն է: Հարկ է նաև նկատել, որ ԱԱԽ կազմը գրեթե միշտ նույնն է եղել, և այնտեղ երբևէ ԱԺ որևէ խմբակցության ղեկավար ընդգրկված չի եղել:
Այս ամենի ֆոնին ԱԱԽ կազմում ԱԺ 5 խմբակցություններից միայն ԲՀԿ խմբակցության ղեկավարին ընդգրկելը, մեղմ ասած, տարօրինակ է: Առավել ևս, որ ԲՀԿ-ն ամենևին էլ խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը չէ:
Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի նստավայրից այդպես էլ որևէ մեկնաբանություն չի տրվել, թե ինչու է նա ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ընդգրկել ԱԱԽ կազմում: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում նա պետք է ԱԱԽ կազմում ընդգրկեր նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների` ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ ու «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներին ևս, կամ էլ` առնվազն իշխող կոալիցիայի անդամ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների ղեկավարներին: Մինչդեռ նա այդպես չի վարվել: Սերժ Սարգսյանն, իհարկե, կարող էր Ծառուկյանին ԱԱԽ կազմում ընդգրկել որպես կոալիցիոն կուսակցության ղեկավարի: Այդպես կստացվեր, որ ԱԱԽ կազմում իշխող կոալիցիայի բոլոր կուսակցություններն էլ ունեն իրենց ներկայացուցիչը:
Ընդ որում` կոալիցիայի մյուս երկու կուսակցությունների ղեկավարները` ինքը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, արդեն իսկ ԱԱԽ անդամ են: Բայց Սերժ Սարգսյանը չի գնացել այդ ճանապարհով: Ավելին` դեռ 2008թ. մայիսին, երբ նա կազմավորեց ԱԱԽ-ն, դրա կազմում ընդգրկված էր նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Կոալիցիոն քվոտայով այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերապահված էր ԲՀԿ-ին, և Եվրաինտեգրման հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը դարձել էր ԱԱԽ անդամ: Վերջինիս Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելուց հետո ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը դուրս մնաց ԱԱԽ կազմից. Սերժ Սարգսյանը 2009-ի մայիսի 6-ին հրամանագիր ստորագրեց, ըստ որի փոփոխություն կատարվեց ԱԱԽ կազմում և ուժը կորցրած ճանաչվեց այն կետը, որի համաձայն ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը ևս ԱԱԽ անդամ էր:
Դրանից հետո` երկու տարի շարունակ ԲՀԿ-ն որևէ ներկայացուցիչ չի ունեցել ԱԱԽ կազմում: Հատկանշական է, որ ԲՀԿ-ն ԱԱԽ կազմում ներկայացուցիչ ունեցավ կոալիցիոն հայտնի հայտարարությունը ստորագրելուց ամիսներ հետո:









































