Կաթի և մսի առումով մեր ինքնաբավությունը երբեք չենք կարող ապահովել: Նույնիսկ, եթե մեր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը ավելացնենք մեր բնատնտեսական ռեսուրսին համապատասխան գլխաքանակի, որը մոտավորապես կազմում է 900 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 1-1.5 միլիոն գլուխ մանր եղջերավոր, մենք դարձյալ չենք կարող ապահովել կաթի ու մսի պահանջարկը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, այսօր մեր երկրի ազգաբնակչության կաթի և մսի պահանջարկի գրեթե 50 տոկսը չենք արտադրում: Նույնիսկ, եթե ավելացնենք էլ չենք կարող ապահովել:
Հետևաբար ինքնաբավության մակարդակը կաթի և մսի առումով պետք է 40-45 տոկոսից հասցնենք մինչև 65-70 տոկոսի առաջիկա 10 տարվա ընթացքում: «Հաշվի առնելով այս հանգամանքը կառավարությունը և գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում են տավարաբուծության զարգացման ծրագիր և դրա շրջանակներում Եվրոպայից ներկրում ենք համաշխարհային լավագույն ցեղերի տոհմային երինջներ և տարաժամկետ վճարման պայմաններով հատկացնում առաջատար տավարաբուծական տնտեսություններին»,- ավելացրեց Աշոտ Հովհաննիսյանը»:










































