Այսօր ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի քառօրյա «ազգային զորահավաքային արշավը», որը միտված էր Ազատության հրապարակում ապրիլի 9-ին ժամը 11:00-ից սկիզբ առնող «Նոր Հայաստանի երդմնակալության արարողության» համար քաղաքացիների հավաքագրմանը: Այս օրերի ընթացքում արձանագրվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները սակավամարդ էին և չէին կարող պարզապես համեմատվել այն ոգևորության հետ, որը կար անմիջապես ՀՀ նախագահական ընտրություններից հետո մեկնարկած «բարևարշավի» ժամանակ:
Սակայն այս պնդման հետ համաձայն չէ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ում խոսքերով՝ շատ համայնքներում հավաքները շատ ավելի բազմամարդ էին, քան նախորդ արշավի ժամանակ: Ըստ նրա, այս ամենին զուգահեռ՝ մեծացել են իշխանական ճնշումները:
«Օրինակ՝ մինչև Մարտունի քաղաքում հանդիպումը սկսվելը ինձ զանգեցին և ասացին, որ ոստիկանությունը փակել է հարակից բոլոր փողոցները, պահանջում է չմասնակցել հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս ամենը կա, և մարդիկ այս պայմաններում գալիս են: Գյումրիում չգիտեմ շատ էին սակավ մարդիկ, թե ոչ, պարզապես գիտեմ, որ այնտեղ ևս նոր մեխանիզմ էր գործի դրվել. այդ ժամին սկսել էին թոշակ բաժանել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հորդորելով սպասել նաև վաղը, որից հետո հնարավոր կլինի ասել, որ հաջողված էր արշավը:
Նա նշեց, որ բոլոր դեպքերում ուրբաթ օրը՝ ապրիլի 5-ին նախատեսվում է հերթական հաղթահավաքը: Նրա վստահեցմամբ՝ որևէ մարտավարական փոփոխություն տեղի չի ունենալու՝ ապրիլի 9-ին ժամը 11.00-ից նախատեսվում է գլխավոր իրադարձությունն Ազատության հրապարակում:







































