Curiosity մարսագնացը Շարփ լեռան երկարաժամկետ ուսումնասիրության ժամանակ 8-րդ հորանցքն է հորատել Կարմիր մոլորակի վրա: Այս մասին ասվում է NASA-ի կայքում հաղորդագրության մեջ:
Հորատանցքի խորությունը 65 մմ է, ներկայումս ստացված գրունտն ուսումնասիրվում է մարսագնացի 2 լաբորատորիաների՝ Chemistry and Mineralogy X-Ray diffractometer (CheMin)-ի Sample Analysis at Mars (SAM)-ի միջոցով:
Շարփը Մարսի լեռներից մեկն է, գտնվում է Գեյլ խառնարանում: Լեռան բարձրությունը մոտ 5 կմ է: Ենթադրաբար, լեռը ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում ցամաքած և նորից ջրով լցված լճից:
Երկու տարի առաջ NASA-ի Curiosity մարսագնացը վայրէջք է կատարել Մարսի Գեյլ խառնարանի շրջանում, որում լավ երևում են Մարսի գրունտի խորքային շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը: Curiosity-ն Մարսի վրա մանրամասն երկրաբանական և երկրաքիմիական հետազոտություններ է կատարում, ուսումնասիրում մոլորակի մթնոլորտն ու կլիման, ջուր կամ դրա առկայության հետքեր, օրգանական նյութեր է որոնում: Այդ տվյալները կօգնեն պարզել՝ արդյոք Մարսը պիտանի եղե՞լ է կյանքի համար, և արդյոք հիմա պիտանի՞ է: