Կիպրոսի գլխավոր դատախազը հայտարարել է Bank of Cyprus-ի ֆինանսական փաստաթղթերի դիտավորյալ ոչնչացման գործով հետաքննության մեկնարկի մասին: Այդ փաստաթղթերը վերաբերել են հունական արժեթղթերի գնմանը: Դրանց արժեզրկումը հանգեցրել է երկրում տնտեսական ճգնաժամի:
Գլխավոր դատախազ Պետրոս Կլիրիդիսը ստացել է Alvarez & Marsal խորհրդատվական ընկերության հատուկ զեկույցը, որն ավելի վաղ ստացվել էր երկրի Կենտրոնական բանկում: Զեկույցում տեղեկություն է պարունակվում կասկածելի գործարքների մասին, որոնք իրականացրել են Կիպրոսի երկու խոշորագույն բանկերը՝ Bank of Cyprus-ը և Cyprus Popular Bank-ը(Laiki):
Դատախազի խոսքով՝ ոչինչ չի թաքցվի, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը մեղավոր է ֆինանսական ճգնաժամի կամ կարևոր փաստաթղթերը թաքցնելու մեջ: Զեկույցին ծանոթանալու ցանկություն է հայտնել խորհրդարանի նախագահ Յաննակիս Օմիրուն:
Կլիրիդիսը լրագրողներին հայտնել է, որ դեռևս վաղ է խոսել զեկույցի բովանդակության մասին: Դատախազությունն առայժմ մտադիր է մանրակրկտորեն ուսումնասիրել նյութը, ինչի համար պահանջվում է փորձագիտական օգնություն:
ITAR-TASS-ը՝ հղում անելով Կիպրոսի պետական ռադիոհեռարձակման «ՌԻԿ» կորպորացիային, հաղորդում է, որ Alvarez & Marsal-ի վերլուծաբաննեը եկել են այն եզրակացության, որ շատ վարկաբեկող փաստաթղթեր Bank of Cyprus-ում են պահվել էլեկտրոնային տեսքով և ոչնչացվել են այն անձանց կողմից, որոնք ցանկացել են թաքցնել իրենց մասնակցությունը Հունաստանի պետական պարտատոմսերի գնմանը:
Alvarez & Marsal-ի տվյալներով՝ Bank of Cyprus-ի որոշ ներքին հանձնաժողովներ առանց որևէ հիմքի որոշում են ընդունել հունական պարտատոմսերում ներդրումների՝ մինչև 6 միլիարդ եվրոյի մեծացման մասին:
Նշվում է, որ պարտատոմսերի արժեզրկման պատճառով երկու բաները շուրջ 5 միլիարդ եվրոյի կորուստ են կրել:








































