Նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա բրիտանացի գործընկեր` վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ծրագրում են այցելել Լիբիայի ապստամբների ֆորպոստը արևելքում` Բենղազի քաղաք:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Ֆրանսիայի նախագահական նստավայրում իր աղբյուրներին: «Ժամկետները դեռ հստակ չեն, սակայն նա այցելելու է այնտեղ», ասել է Սարկոզիի վարչակազմում գործակալության աղբյուրը:
«Այցելությունն արդեն նախապատրաստվում է, այն կարճ է տևելու, և կկայանա մայիսի առաջին կեսին», նշել է աղբյուրը` հավելելով, որ Սարկոզին ցանկանում է այնտեղ այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ, որպեսզի սա լինի ֆրանս-բրիտանական նախաձեռնության շրջանակներում:
Ֆրանսիայում նաև որոշում են կայացրել, որ Քադաֆիի հաշվեհամարների միջոցները, որոնք սառեցվել են այդ երկրի իշխանությունների կողմից, փոխանցվեն երկրի ընդդիմությանը, հաղորդում է Reuters գործակալությունը: Հիմա ֆրանսիական իշխանություններն այս հարցը քննարկում են եվրոպացի իրենց գործընկերների հետ, որպեսզի վերջիններս նույնպես դիմեն այդ քայլին: Ֆրանսիացիներն այս քայլը պայմանավորում են Լիբիայի ապստամբներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Սակայն որոշ եվրոպացի և ամերիկացի փորձագետներ փաստում են, որ սառեցված հաշիվների բացումը կարող է բազմաթիվ իրավական խնդիրներ առաջացնել, որոնք կարող են տևել մի քանի տարի:








































