Apple-ից աշխարհը սպասում է հեղափոխական արտադրանքների, և շուտով դրանց հայտնվելու շանսերը մեծ են: Այդպես են կարծում Topeka Capital Markets-ի փորձագետները: Նրանց տեղեկություններով՝ ընկերությունը պատրաստվում է Apple TV սերիայից սարք ներկայացնել: Այս մասին վաղուց արդեն շշուկներ կային շուկայում, սակայն, ամենայն հավանականությամբ, Apple-ը կցուցադրի ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի նորույթ:
Շարքի ֆլագմանը կդառնա 60 դյույմ անկյունագծով էկրանով հեռուստացույցը: Դրանից բացի՝ ընկերությունը կսկսի վաճառել սարքի՝ 9.7 դյույմանոց դիսփլեյով կոմպակտ տարբերակ: Այդ գաջեթը կկատարի հավելյալ հեռուստացույցի գործառույթ: Այն հնարավոր կլինի տանից հեռացնել մինչև 200 մետր՝ դիտելով այն, ինչ ցուցադրվում է հիմնական հեռուստացույցով: Այդ տեխնիկան հնարավոր է կառավարել հատուկ մատանու միջոցով: Չպետք է մոռանալ նաև առեղծվածային iWatch-ի մասին: Այն իրենից ներկայացնում է ձեռքի ժամացույց՝ վիթխարի գործառույթներով:
Բոլոր սարքերը կունենան հասանելիություն ինտելեկտուալ որոնման Siri համակարգին և թույլ կտան առցանց զանգեր կատարել Face Time գործառույթով:
Topeka Capital Markets-ը հաստատում է, որ տեղեկությունների մի մասը ստացել է՝ շփվելով Apple-ի արտադրանքների ասիացի հավաքողների հետ:










































