Եվրոպական միության կողմից կազմակերպվող դոնորների համաժողովը տեղի կունենա մինչև այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:
«ՀՀ և այլ գործընկերների հետ մենք քննարկում ենք դոնորների համաժողովի իրականացման հարցը: Սա հեշտ միջոցառում չի, և այն պետք է շատ լավ կազմակերպել: Մենք պատրաստ ենք օժանդակել մեր հայաստանյան գործընկերներին այս միջոցառումը կազմակերպելու գործում, և մենք իսկապես լիահույս ենք, որ դա կիրականանա մինչև Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովը: Բայց այս պահի դրությամբ օրը, ժամկետը դեռ պետք է համաձայնեցվեն»,- ասաց Տրայան Հրիսթեան:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի նախատեսվող համաժողովը պարբերաբար հետաձգվում էր, իսկ Եվրամիությունը պատրաստակամություն էր հայտնում դոնորների համաժողով հրավիրելու հարցում աջակցել Հայաստանին, եթե վերջինս շարունակի իր ջանքերը` երկրում բարեփոխումների իրականացման, այդ թվում` ազատ և արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ:
Ենթադրվում է, որ այս համաժողովի ժամանակ մի հարկի տակ կհավաքվեն ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլն, ինչպես նաև զարգացած երկրների ներկայացուցիչներ, որոնց ՀՀ կառավարությունը կներկայացնի իր ծրագրերը: Օրինակ, 2001 թ. Փարիզում անցկացված նման համաժողովում Հայաստանը միջազգային կառույցներից ստացավ 620 մլն դոլարի նոր վարկեր և օժանդակություն՝ աղքատությունը կրճատելու համար։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































