Ինտերպոլը հրաժարվել է հետախուզման մեջ գտնվող մարդկանց ցուցակի մեջ ներառել Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին՝ պատճառաբանելով, որ նախկին վարչապետի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին չորեքշաբթի օրը տեղեկացրել է Եգիպտոսի ՆԳ նախարար Ահմեդ Հելմին:
Նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Շաֆիկը երկիրը լքել է դրանցից անմիջապես հետո: Ներկա պահին նա ընտանիքի հետ միասին ապրում է ԱՄԷ-ում:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը փետրվարին դիմել էր Ինտերպոլին՝ Շաֆիկին բռնելու խնդրանքով: Վերջինս մեղադրվում է խարդախությունների և պետական հողային տարածքներն անօրինաբար յուրացնելու մեջ: Դրանից բացի, նա մեղադրվում է նաև նախկին նախագահի որդիներին հողատարածքներ տրամադրելու մեջ:
Ինքը՝ Շաֆիկը հայտարարում է, որ ոչ մի կապ չունի իրեն ներկայացված մեղադրանքների հետ, և որ դրանք զուտ քաղաքական նպատակ են հետապնդում:









































