Մարդու իրավունքների գծով Եվրախորհրդի կոմիսար Նիլս Մյուժնիեկսն անհանգստություն է հայտնել Գերմանիայում ռասիստական տրամադրությունների աճի կապակցությամբ: Այդ մասին նա հայտնել է Գերմանիայում մարդու իրավունքների իրավիճակի մասին Բեռլինում հոկտեմբերի 1-ի իր ելույթի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Մյուժնիեկսը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել ընդլայնել ռասիզմի դեմ պայքարը: Նրա կարծիքով՝ հարկ է ուշադրություն դարձնել ոչ միայն ծայրահեղական խմբերի գործունեության վրա, այլ նաև առանձին նմանատիպ իրավախախտների, ովքեր կապված չեն արմատականների հետ:
Միաժամանակ՝ Մյուժնիեկսը նշել է Գերմանիայի «նշանակալից ջանքերը» ներգաղթյալներին օգնություն ցույց տալու և հայտարարել է փախստականներին ապաստան տրամադրելու և ինտեգրացման գործընթացների արագացման անհրաժեշտության մասին:
Նա Գերմանիայի իշխանությանը խորհուրդ է տվել ներգաղթյալներին տեղավորելու հարցում ստեղծել ընդհանուր ստանդարտներ և ավելացնել դաշնային հողերին տրամադրվող ֆինանսական օգնությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հեշտացնել փախստականների հասանելիությունը բժշկական ծառայություններին:











































