Արարատ քաղաքի բնակիչ, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո առ այսօր բուժվում է, սակայն նա դեռ հեռու է առողջ համարվելուց:
Հովհաննեսը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում: Ծառայության 14-րդ ամսին հորը 12 օր ուշացումով տեղեկացրել են, որ Հովհաննեսը հոգեբուժարանում է: Հայրը որդուն հիվանդանոցում գտել է անճանաչելի վիճակում: «Հովոն պատմել է, որ սպան պահանջել է, որ Հովոն իրեն մասաժ անի, նա էլ ասել է՝ չեմ անի»… այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ:
«Կյանքում ամեն ինչի նկատմամբ կորցրել եմ հետաքրքրությունս, կարծես արգելափակված լինեմ»,- մեզ հետ զրույցում մեկ տարի առաջ ասում էր Հովիկը։ Հիմա սակայն, ուզում է վերջնական բուժում ստանալ և աշխատել: Բժշկից գոհ է, բայց մեկ ցանկություն ունի՝ կազմակերպել բուժումը Գերմանիայում: «Հետաքրքրությունը կյանքի նկատմամբ արդեն կա, հույսն ու հավատն են հետ եկել: Էդպես էլի: Դեղերս չեմ կարող չխմել, ճիշտն ասած, գանգատներ ունեմ սրտից»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հովիկը՝ հավելելով, որ բուժող բժշկից շատ գոհ է, բայց ուզում է արտերկրում բուժում ստանալ: Ընկերներն էլ մենակ չեն թողնում, հաճախ են այցելում զրուցում իր հետ: Սակայն առաջվա պես տնից չի ուզում դուրս գալ, հանրակացարանի կիսախարխուլ սենյակի մի ծայրից մյուս ծայրն է գնում, շարունակ սուրճ խմում և ծխախոտ ծխում:
Մայրը՝ Անահիտ Վարդանյանը, պատմեց, որ որդին բանակ գնաց մեծ ոգևորությամբ, թեև իրենք կարող էին խուսափել ծառայությունից, սակայն մեկ վայրկյան անգամ չեն մտածել այդ մասին: «Ընկերներով հավաքվում էին, ինքն ասում էր՝ ես կպաշտպանեմ առաջինը: Մենք քեֆ կազմակերպեցինք, ընկերները օդ թռցրին իրեն: Ինքը մեծ ոգևորությամբ գնաց բանակ»,- նշեց մայրը:
Հիմա մոր միակ երազանքը իր Հովիկին առողջ տեսնելն է: Կարևորը որդու առողջությունն է. «Մենք շնորհակալ ենք Բակունցից, հոգեբան Արսենից: Լիարժեք բուժում եմ ուզում, ես ոչ թե խնդրում եմ, ես պահանջում եմ: Ես իրավունք ունեմ պահանջել երեխայիս առողջությունը վերականգնելու համար, մինչև լիովին առողջացում: Ինքը նեղվում է, ասում՝ ինչպես ընտանիք կազմեմ, ինչպես հետո ապրեմ»:
Տիկին Անահիտը պատմեց, որ որդին մինչև բանակ զորակոչվելն էլ աշխատել է, օգնել հորը: Հիմա, սակայն, ընտանիքը ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Հովիկը չի կարողանում օգնել հորը, քանի որ օրվա մեծ մասը թույլ է զգում իրեն: Խանութում կուտակված պարտքեր ունեն:
Մինչև հիմա Հովիկի ծնողներին տանջում է այն միտքը, որ իրենց որդու հետ դաժան վարվողները առ այսօր իրենց արժանի պատիժը չեն կրել. «Բանակում պրոբլեմներ է ունեցել, ինքը մենակ է եղել, չպատժվեցին, անհայտ մնաց, անարդարացի է, որ որևէ մեկը չի պատժվել, երեխես մեծ հպարտությամբ գնաց: Գնացել է, պոստ է պահել: Պատմում է դաժանությունների մասին»,- ասաց նա:
Մայրը ոչ թե խնդրում, այլ պահանջում է ՀՀ նախագահից, Պաշտպանության նախարարությունից, որ սատար կանգնեն երեխային, բուժումը արտերկրում՝ Գերմանիայում կազմակերպեն:
Հովիկը օրվա ընթացքում խմում է 20 բաժակ սուրճ, երկու տուփ ծխախոտ ծխում, իսկ ստացած 43000 դրամ թոշակը չի բավականացնում անգամ ծխախոտի և սուրճի համար:
Հայրը՝ Վարդան Վարդանյանն էլ նշեց. «Հովոյի առողջության մեջ դրական փոփոխությունը շատ մեծ ա, բայց հիմնական բուժումը իմ մոտիկները ասում են՝ լավ է արտասահմանում բուժվել, հոգեբուժությունը, ասում են, Գերմանիայում է լավ զարգացած, այնտեղ են լավ բուժում»,- հավելեց հայրը:










































