News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իրեն փոխարինած Գեորգի Մարգվելաշվիլիին խորհուրդ է տվել ներում շնորհել նախկին իշխող թիմի վերնախավի ազատազրկված ներկայացուցիչներին։
2012 թվականի վերջին Վրաստանում կատարված իշխանափոխությունից հետո Վրաստանում քրեական գործեր են հարուցվել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի ու Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի դեմ։
Մի շարք գործերով դատարանն արդեն կայացրել է դատավճիռ, և նրանք ազատազրկում են կրում Թբիլիսիի թիվ 9 բանտում։ Սաակաշվիլին հայտարարել է. «Պատմության, քաղաքականության մեջ նախագահ Մարգվելաշվիլիի տեղը չափվելու է նրանով, որ ների այդ երեք անձանց, որոնք շատ բան են արել Վրաստանի պետականության համար։ Մարգվելաշվիլիի արժանապատվությունը կախված կլինի նրանից՝ արդյոք նա կստորագրի ներման ակտը, թե ոչ։ Նրանք այն անձինք են, որոնք առաջինն են ստեղծել վրացական ռազմական արդյունաբերությունը, այն անձինք են, որոնք ստեղծել են համաշխարհային մակարդակի ոստիկանությունը, որոնք կառուցել են Ռաբատին (ամրոց Սամցխե-Ջավախքի շրջանում)։ Նրանք այն անձինք են, որոնք Թբիլիսին կառուցել են ավելի շատ, քան որևէ այլ քաղաքապետ։ Խոսքը Գիգիի, Վանոյի ու Բաչոյի մասին է»։











































