Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները անցկացրել են համատեղ ծովային վարժանքներ։ Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը, որի կազմում ընդգրկված է Առափնյա պահպանության դեպարտամենտը։
Համատեղ վարժանքներն անցկացվել են Վրաստանի տարածքային ջրերում։ Դրանց մասնակցել են թուրքական մեկ սահմանային մոտորանավակ (TCSG-95) և վրացական երկու սահմանապահ մոտորանավակ՝ (P-102 և P-103)։ Համատեղ ծովային վարժանքների ժամանակ Վրաստանի և Թուրքիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներն իրականացրել են համատեղ մանևրներ և մարդկանց փնտրելու ու փրկելու գործողություններ։
Սահմանապահ ոստիկանությունն ընդգծել է, որ այդ վարժանքները կոչված են առափնյա անվտանգության ոլորտում խորացնելու Թուրքիայի և Վրաստանի համագործակցությունը և աջակցելու Սև ծովում անվտանգության ամրապնդմանը։










































