Մենակյաց իշամեղուները կառուցում են ամուր, կավե ամանի նման բներ սովորական ցեխից՝ այն շերտ-շերտ դնելով: Այդ աշխատասեր միջատների աշխատանքի սկզբունքը հիշեցնում է 3D տպիչի աշխատանքը, որն էլ ոգեշնչել է իտալացի ինժեներներին, որոնք ստեղծել են WASP ընկերությունը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Անցած տարի ընկերությունը ներկայացրել է տների արագ տպագրության գործիքի 4 մետրանոց նախատիպը: Հիմա մասնագետները ներկայացրել են նոր մոդել, որն անվանվել է Big Delta, դրա բարձրությունը 12 մ է, տրամագիծը՝ 6 մ:
Աշխարհի ամենամեծ 3D-տպիչի մետաղական կմախքը պահում է պտտվող վարդակը և շարժվող խառնիչը, որը պահում է շինարարական խառնուրդի միասեռությունը: Որպես նյութ կարող է օգտագործվել ցեխ, կավ կամ բնական մանրաթելեր: Բացի դրանից՝ կառույցի ամրության համար տպագրության խառնուրդի մեջ կարող են ավելացվել հատուկ քիմիական նյութեր:
Նշվում է, որ սարքը շատ քիչ էներգիա է սպառում:
Հիմա WASP-ի մասնագետներն աշխատում են շենքերի տպագրության տեխնոլոգիայի կատարելագործման ուղղությամբ:
Ընկերությունում խոստանում են շուտով ներկայացնել Big Delta-ի հնարավորություններն իրական պայմաններում: Նոր տեխնոլոգիայով առաջին իսկական տունը կստեղծվի այս տարի Իտալիայի Սարդինիա կղզում:













































