Կենտրոնական Բրազիլիայում՝ Լապա դու Շանտու ժայռոտ քարանձավում, գիտնականները հայտնաբերել են գլխատման միջոցով ծիսական մահապատժի հետքեր, ընդ որում՝ այդ ծեսն իրականացրել են տարածքի հին բնակիչները՝ նախնադարյան որսորդ-հավաքողները, որոնք այդ տարածքում ապրել են մոտ 9 000 տարի առաջ: Գտածոյի մասին հաղորդվում է PLoS One ամսագրում:
Մարդաբանների տեղեկությամբ՝ Լապա դու Շանտու քարանձավում մարդիկ ապրել են առնվազն 12 հազար տարի առաջ: 2007թ. պեղումների ժամանակ գիտնականները գերեզմանոց են գտել, որը թվագրված է եղել մ.թ.ա. 7-րդ հազարամյակին:
Համեմատելով գերեզմանոցի ոսկորները քարանձավի այլ բնակիչների մնացորդների հետ՝ մարդաբանները եզրակացրել են, որ հանգուցյալը, ըստ ամենայնի, եղել է տեղական ցեղի անդամ, ոչ թե օտար: Ինչպես այդ հանգամանքը, այնպես էլ մնացորդների դիրքը գիտնականներին ստիպել է ենթադրել, որ պալեոհնդկացին մահապատժի է ենթարկվել հատուկ ծեսի ժամանակ, ոչ թե որպես գերեվարված թշնամի:
Եթե գիտնականների վարկածը հաստատվի, Լապա դու Շանտուում հայտնաբերված մնացորդները կլինեն Նոր Աշխարհում գլխատման հնագույն վկայությունը, նաև կհաստատեն պալեոհնդկացիների շրջանում հոգեհանգստյան բարդ ծեսերի առկայությունը: