Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբինան ու Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Ժանգ Յին երեկ քննարկել են տնտեսական համագործակցության խորացման ուղիները, ինչը հատկապես վերաբերում է ներդրումների ու ֆինանսական ռեսուրսներ տրամադրելու ոլորտներին։
Հանդիպման ժամանակ Թայեբինան ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անցկացված բանակլցություններում Չինաստանի դրական դերը և հայտարարել է, որ Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցչի այցը վկայում է, որ երկու կողմն էլ շահագրգռված են առևտրային ու տնտեսական համագործակցության զարգացմամբ։
Նա ընդգծել է, որ Իրանի ու Չինաստանի հարաբերությունները միշտ էլ եղել են կառուցողական ու ռազմավարական՝ նկատելով, որ ներկայումս իրենք գտնվում են նոր իրավիճակ թևակոխելու շեմին՝ կապված Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ու սահմանափակումների մոտալուտ վերացման հետ։
Ժանգ Յին իր հերթին հայտարարել է, որ իր իրանական այցի նպատակը հետպատժամիջոցային ժամանակաշրջանում Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումն է, ինչին ձգտում է Չինաստանի կառավարությունը։ Նա հիշեցրել է, որ Չինաստանը պատժամիջոցների ժամանակաշրջանում եղել է Իրանի կողմից և այժմ՝ նոր իրավիճակում, պատրաստ է զարգացնել Իրանի հետ կապերը։







































