Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ բանակցություններ է վարել Չինաստանի վարչապետի հետ՝ քննարկելով տնտեսական հարաբերությունների լայն շրջանակ, այդ թվում՝ Իրան-Հայաստան երկաթուղու և Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի նախագծերը:
Որևէ կոնկրետ պայմանավորվածությունների մասին այդ քննարկումների վերաբերյալ տեղեկատվության մեջ չի նշվում, եթե, իհարկե, բացառություն չհամարենք այն, որ Չինաստանը խոստացել է բարձրացնել այդ երկրում սովորող հայաստանցի ուսանողների կրթաթոշակները: Սա, իհարկե, շատ կարևոր ձեռքբերում է, որի համար արժեր բյուջեից հերթական տասնյակ միլիոնները ծախսել ու հասնել Պեկին: Սակայն Հայաստանի համար սա մի փոքր քիչ է, Հայաստանի տնտեսությանը մի քիչ ավելի առարկայական արդյունքներ են անհրաժեշտ, որովհետև նույնիսկ Հայաստանի կառավարության անդամները չեն կաողանում թաքցնել, որ տնտեսական սպասումները շատ վատն են: Չինաստանն այս տեսանկյունից կարող է լինել կարևոր գործընկեր:
Մասնավորաբար՝ չինացիներն, օրինակ, մտադիր են խոշոր ներդրումներ անել Վրաստանում, ստեղծել մեքենաների հավաքման գործարան, միաժամանակ խոշոր ներդրումներ կատարել վրացական նավահանգիստներում: Չինաստանը ցանկանում է տնտեսական ներկայություն ունենալ Կովկասում, և սրա համար երևի թե հարկ է ընդամենը ստեղծել նախադրյալներ, որոնք չինական կապիտալի համար գրավիչ կդարձնեն ներդրումային դաշտը: Սակայն ինչ կարող է ստեղծել կամ ինչով կարող է գրավել Հայաստանը, եթե ընդամենը առաջին մի քանի ամիսները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո բավարար էին տնտեսական ցուցանիշների շրխկոցով կոտրվելու համար:
Այս պայմաններում ինչի՞ համար չինացի կամ որևէ ներդրող պետք է գա Հայաստան: Թե ինչի համար են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները գնում Չինաստան, պարզ է՝ այն զբոսաշրջային գրավիչ ուղղություն է, տեսնելու և ճաշակելու ահագին բան կա: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումներից երևի թե մնում են միայն այս տպավորությունները: Համենայնդեպս, որևէ առարկայական իրադարձություն տեղի չի ունեցել նաև մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցից:
Չնայած հայ-չինական բավական խոսուն հռչակագրին, առ այսօր թղթի վրա ամրագրվածը նույնիսկ քառորդ չափով անգամ չի դարձել իրականություն, կամ թեկուզ սաղմնավորվող իրականություն:
Կասկածից վեր է իհարկե, որ սրա պատճառը հայկական պատն է, որ կագնած է ամեն ինչի առաջ:
Այդ պատը բաղկացած է ռուսական կայսերական գերազդեցության շաղախից, որը Հայաստանում ամրացնում է միայն ռուսական տնտեսա-քաղաքական շահերը, և այդ շաղախով միմյանց կապվող Հայաստանի կոռուպցիոն քարերից: Արդյունքում ստեղծվում է մի ամուր հայկական պատ, պարիսպ՝ իր երկարությամբ, լայնությամբ ու ամրությամբ չինական պատը թերևս մի քանի անգամ գերազանցող, որն անհաղթահարելի է դառնում արտաքին ներդրողների համար:








































