Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր սկսում է իր առաջին այցը Միացյալ Նահանգներ։ Կուբայից ուղևորվող նրա ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում տեղի ժամանակով ժամը 16.00-ին (կեսգիշերին մոտ)։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նրան կդիմավորի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ կնոջ հետ։ Սպիտակ տան ղեկավարը որոշել է հետևել իր նախորդի՝ Ջորջ Բուշ կրտսերի օրինակին, ով 2008 թվականին նույն վայրում կնոջ՝ Լորայի հետ դիմավորել էր Բենեդիկտոս XVI-ին։
Հաջորդ առավոտյան Սպիտակ տանը կկայանա հովվապետի պաշտոնական հանդիպումը նախագահ Օբամայի հետ։ Այնուհետև Ֆրանցիսկոս պապը կգլխավորի շքերթը վաշինգտոնյան կենտրոնական բուլվարով։ Ըստ ժամանակի և հեռավորության՝ այն կինի ոչ երկար, իսկ ըստ հավաքվածների թվի՝ վիթխարի։
Չորեքշաբթի օրվա գլխավոր իրադարձությունը կդառնա կաթոլիկ Խունիպերո Սերայի սրբադասման արարողությունը։ Իսպանացի վանականն ապրել է XVIII դարում և միսիոներ եղել Կալիֆոռնիայում։
Հինգշաբթի առավոտյան Պապը ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ հանդիպմանը և կայցելի վաշինգտոնյան բարեգործական կազմակերպություններից մեկը, որից հետո կուղևորվի Նյու Յորք։
Ֆրանցիսկոս պապը կդառնա 4-րդ հովվապետը, ով ԱՄՆ կուղևորվի առաքելական այցով։











































