ԱՄՆ Վիսկոնսին նահանգի նահանգապետ Սքոթ Ուոքերը, ով հավակնում էր Հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, որոշել է դադարեցնել իր մասնակցությունը նախընտրական արշավին։ Նա այդ մասին հայտարարել է Մադիսոն քաղաքում (Վիսկոնսին) ելույթի ժամանակ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Ես կդադարեցնեմ իմ արշավն անհապաղ»,- հայտարարել է Ուոքերը։ Նա վստահություն է հայտնել, որ 2016-ի նախագահական ընտրություններում հաղթելու է հանրապետական թեկնածու։
Ուոքերը եկել է այն եզրակացության, որ հաղթանակի իր շանսերը փոքր են։ Հանրապետականների կողմնակիցների շրջանում նրա աջակցությունը կրճատվել է և ըստ CNN-ի վերջին հարցումների տվյալների՝ մնում է 0.5 տոկոսի մակարդակից ցածր։ Ընտրարշավի կարիքների համար նվիրատվությունները ստացվում են ոչ բավարար չափով, ինչի հետևանքով նա ենթարկվում է պարտքերի մեջ հայտնվելու ռիսկին։
Ուոքերը հայտնի է պահպանողական հայացքներով և անօրինական միգրացիայի հարցում կոշտ դիրքորոշմամբ։










































