Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Բավարիայի իշխանությունները ստեղծել են ճգնաժամային հատուկ շտաբ, որը պետք է Մյունխենում կայանալիք գարեջրի ամենամյա փառատոնի ժամանակ օգնի խուսափել գարեջրի սիրահարների ու փախստականների բախումներից։ Տոնը Մյունխենում բացվում է 182-րդ անգամ։
Ամեն տարի տոնակատարություններին մասնակցում են միլիոնավոր մարդիկ։ Նախորդ տարի մասնակիցների թիվը կազմել է 6.3 միլիոն մարդ, որոնք խմել են մոտ նույնքան միլիոն լիտր գարեջուր։ Վիճակագրության համաձայն՝ փառատոնի մասնակիցների 19 տոկոսն օտարազգիներ են։
Մյունխենում այս տարի, սակայն, իրավիճակն այլ է՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Վերջին օրերի գլխավոր խնդիրը դարձել են փախստականները, որոնք Գերմանիա են ժամանում հարևան երկրներից։ Մյունխենի գլխավոր կայարանն էլ գտնվում է փառատոնի տարածքից ոչ հեռու։ Բավարիայի իշխանությունները ձգտում են ամեն գնով խուսափել փառատոնի անսթափ մասնակիցների ու փախստականների միջև հնարավոր բախումներից։









































