Գերմանիան եվրոգոտում գերիշխանության է ձգտում և փորձում ցույց տալ Կիպրոսին, թե ինչպիսի տնտեսական մոդելների պետք է նա հետևի՝ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Գերմանիան ԵՄ այլ երկրների տնտեսական մոդելների մասին որոշում ընդունելու իրավունք չունի»,- ասել է նա:
Լյուքսեմբուրգը ֆինանսական մեծ ոլորտ ունի: Երեկ Եվրախմբի արտահերթ նիստի ժամանակ Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարար Լյուկ Ֆրիդենը գործընկերներին կոչ էր արել ներդնել բոլոր ջանքերը Կիպրոսի ֆինանսական օգնության ծրագրի ստեղծման համար՝ նշելով, որ խոսքը ողջ Եվրոպայի կայունության մասին է:
Գերմանիան պնդում է, որ կիպրական բանկերի խոշոր ավանդատուները պետք է իրենց ներդրումն ունենան Կիպրոսի աջակցման ծրագրում՝ հայտարարելով, որ տնտեսական մոդելը՝ հիմնված ցածր հարկերի և արտերկրի խոշոր դեպոզիտների վրա, անկենսունակ է: