Շատ օգտատերեր նախընտրում են Twitter-ի սկանդալային գրառումներից screenshot-ներ անել՝ ունենալու դրանք այն դեպքերում, երբ վերջիններս հեռացվեն ծառայությունից: Այնուհետև այդ լուսանկարները տարածվում են լրատվական կայքերով, սոցցանցերով և բլոգներով: Lemme Tweet That For You կայքը թույլ կտա մի քանի վայրկյանում ստեղծել կեղծ թվիթ ցանկացած օգտահաշվի անունից:
Ռեսուրսն իրենից ներկայացնում է հասարակ կաղապար, որում կարելի է տեքստ մուտքագրել (նիշերի սահմանափակում չկա), ընտրել ռեթվիթերի անհրաժեշտ թիվը և նշել այն օգտահաշվի հասցեն, որից մարդը ցանկանում է հայտարարություն անել: Համակարգն ավտոմատ կերպով ներբեռնում է այդ օգտատիրոջ անունը, նրա նկարն ու ֆոնը: Դրանից հետո հնարավոր է screenshot անել և տարածել այդ կեղծարարությունը:
Իհարկե, ամեն ինչ գաղտնի պահել չի հաջողվի: Lemme Tweet That For You-ն թույլ կտա տեսնել կայքի միջոցով ստեղծված վերջին գրառումները: Ծառայությունը ստեղծվել է մի քանի տարի առաջ՝ OKFocus մարկետինգային ընկերության կողմից, սակայն իր վրա մեծ ուշադրություն չի հրավիրել:
Կայքը սկսել է մեծ ժողովրդականություն վայելել միայն վերջին օրերին: Ծառայության միջոցով ստեղծված թվիթների և իրական թվիթների միջև կարելի է տարբերություն նկատել: Բանն այն է, որ ռեսուրսը չի թարմացվում, մինչդեռ Twitter-ի դիզայնն այդ ընթացքում հասցրել է բավականին փոխվել:
Այն կարող է ունենալ ինչպես զվարճալի, այնպես էլ վտանգավոր կիրառություն:











































