Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակներում տվյալները ստուգելու նպատակով www.police.am և www.elections.am տեղադրվել են ցուցակները:
Ընտրողների ցուցակում հայտնաբերված անճշտությունները վերացնելու համար մինչև 2013 թ. ապրիլի 30-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ: www.elections.am կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2013 թվականի մարտի 26-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով: