ՀՀԿ-ում ոգևորվա՞ծ են այն իրողությունից, որ ուրբաթօրյա իր հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծահոգաբար թույլ տվեց Սերժ Սարգսյանին շարունակել պաշտոնավարել նախագահի պաշտոնում՝ «Առավոտի» այս հարցին ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ասեմ, որ ոչ թե ոգևորված են նրանից, որ թույլ է տվել, երևի թե արժեր ոգևորվել նրանից, որ այնուամենայնիվ, ի վերջո, նույնիսկ ամենաբարդ ճշմարտությունները հասկացվում են: Նույնիսկ՝ ամենաչցանկացողների համար, ովքեր ոչ մի կերպ չեն ցանկանում իրականության հետ հաշվի նստել, փաստերին նայել ուղիղ»:
ՀՀԿ-ական փոխխոսնակի համոզմամբ՝ ուրբաթօրյա հանրահավաքը և այնտեղ հնչած հայտարարությունները ցույց տվեցին, որ «ՀՀ-ն ունի նախագահ, ընտրված նախագահ, և որոշումները կայացնում է նա: Ու սա կարևոր իրողություն է: Սա կարևոր է ոչ միայն այս ներքաղաքական թնջուկը հանգուցալուծելու առումով, այլև գլոբալ քաղաքական իմաստով»: