Ադրբեջանական Trend.az կայքին տված հարցազրույցի ժամանակ լիբանանյան «Լյուբնան» թերթի գլխավոր խմբագիր Ալի ալ-Ամինն անդրադարձել է Իրանի և արաբական աշխարհի միջև շարունակվող վեճին, ինչից օգտվում է Թուրքիան.
«Թուրքիան իր միջնորդական ծառայությունները չի առաջարկի Իրանին և արաբական աշխարհին, քանի որ նրանց միջև առաջացած հակամարտությունը ձեռնտու է իրեն: Թուրքիան շարունակում է օգտվել այդ հակամարտությունից. օգտագործելով տարածաշրջանի խոշորագույն երկու երկրների (Սաուդյան Արաբիա և Իրան) միջև լարված հարաբերությունները` Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Մերձավոր Արևելքում:
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը վկայում է այն մասին, որ այդ երկիրը փորձում է տարածշրջանի երկրների համար խաղալ «մեծ եղբոր» դերը` պատրանք ստեղծելով, թե փորձում է խաղաղ ճանապարհով լուծել այդ երկրների խնդիրները:
Բոլոր երկրների հետ զրո խնդիրներ ենթադրող Թուրքիայի քաղաքականությունն իրականում ունի միայն մեկ նպատակ. իր վերահսկողության տակ վերցնել տարածաշրջանի երկրները և ամրապնդել իր դիրքը»:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան իր միջնորդությունն է առաջարկել Իսրայելին և Սիրիային, Սիրիային և Իրաքին, Իրանին և Արևմուտքին, Իրանին և Պակիստանին, Աֆղանստանին և Պակիստանին, Լիբանանին, Պաղեստինին և Իսրայելին, պաղեստինյան երկու կազմակերպություններին`«Ֆաթհ» և «Համաս» (Բալկանները չհաշված):
Շատ փորձագետների կարծիքով` Թուրքիայի միջնորդական առաքելությունն ուղղված է ոչ թե այս կամ այն հակամարտության կարգավորմանը, այլ` Թուրքիայի՝ որպես գերիշխող ուժի ամրապնդմանը առաջին հերթին Մերձավոր Արևելքում:
Հարկ է ընդգծել, որ թուրքական կողմը միջնորդական առաքելությամբ հանդես գալու համար մշտապես մեծ կարևորություն է տալիս նրան, որ հակամարտող կողմերը Թուրքիան ընկալեն որպես չեզոք կողմ և չկարծեն, թե նա աջակցում է կողմերից մեկին:
Թուրք վերլուծաբան Ջյունեյթ Ուլսևերի կարծիքով` միջազգային բազմաթիվ խնդիրներում առաջնության հավակնող Թուրքիայի համար գնալով ավելի բարդ կլինի անաչառ իրավարարի և խաղաղարարի կեցվածք ընդունելը` իր շահերը համատեղելով օբյեկտիվ իրողությունների և այլ ժողովուրդների պատմական հիշողության հետ:










































