«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանի կարծիքով՝ Երևանի թիվ մեկ խնդիրը սխալ քաղաքաշինությունն է, և պետք է փոխել դրա կործանարար ընթացքը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Երևանի բոլոր խնդիրներն այս տարիների ընթացքում եկել են հենց դրանից. «Այստեղից արդեն գալիս են բազմաթիվ խնդիրներ՝ օդային համակարգերի աղտոտվածություն, տրանսպորտի խնդիրներ,կանաչ տարածքների կորուստ, ջրային ավազանի աղտոտվածություն, սեյսմիկ վտանգների աճ, սելավների վտանգի աճ՝ բոլորը գալիս են սխալ քաղաքաշինությունից: Միակ սելավատարը փակվեց, վրան ռեստորաններ շարվեցին»:
Կարինե Դանիելյանը հավելեց, որ առ այսօր ինչ քաղաքաշինություն իրականացվել է Երևանում, ինքը բացասական է գնահատում՝ էկոլոգիական և պատմամշակութային առումով. «Հիմա մշակվել է Կենտրոնի քաղաքաշինության օրենքի նախագիծ, որը, ես կարծում եմ, բավականին դրական է, բայց խնդիրն այն է, որ մինչև ընդունվի, մինչև աշխատի, տենդենցը դեռ կշարունակվի։ Եվ այս առումով՝ կործանարար վտանգները դեռ շարունակվում են:
Ինձ համար, օրինակ, կարևոր էր այն, որ Տարոն Մարգարյանը ստեղծեց այդ հանձնաժողովները, և մենք հնարավորություն ունեցանք քաղաքապետարանում այդ հարցերը բարձրացնել։ Դա ես դրական եմ գնահատում, բայց միաժամանակ քաղաքաշինական խորհուրդը դեռևս չի գործում, պետք է կարողանանք հենց քաղաքաշինության վրա ազդել, իսկ դա այսօր վստահվել է ճարտարապետներին, թողնված է գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայեցողությանը։ Ես դա բացասական եմ գնահատում»:
Կ. Դանիելյանը չցանկացավ նշել այն մարդու անունը, ում հետ գալիք ավագանու ընտրություններում հույսեր են կապում, փոխարենը նշեց, որ նախորդ տարիներին միայն ինչ-որ խումբ մարդկանց ֆինանսական շահերից ելնելով է իրականացվել քաղաքաշինությունը և ոչ թե՝ քաղաքի շահերից:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ընտրությունների հետ որևէ հույս կապում են, նախկին նախարարը պատասխանեց. «Հույս կա՝ Կենտրոնի հայեցակարգի հետ կապված, և ի վերջո հասարակությունը մուտք է գործել քաղաքապետարան. փաստորեն պետք է որ մեր ազդեցությունն այստեղ լինի»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ կենտրոնում բազմահարկ շենքերը խանգարում են տրանսպորտին, փողոցները հաշվարկված չեն եղել այդքան մեքենաների համար. «Եթե ուշադրություն դարձնենք՝ հսկա շենքերն ավելի են մոտեցնում փողոցներին, փոխանակ հետ դնեն։ Ուղղակի չգիտեմ… այդ մոլուցքը՝ ինչքան հնարավոր է շատ տարածք զավթել քաղաքում, սպանում է։ Ամեն մեկն էլ իր հետ հսկայակայն քանակությամբ մեքենաներ է բերում։ Այստեղից գալիս են նաև խցանումներ, այստեղից գալիս է օդի աղտոտվածությունը»:
Այն հարցին, թե ինչ դրական աճ է տեսել նախորդ հինգ տարիների ընթացքում, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Ծաղկազարդում, դա իրոք լավ է արվել, մայրաքաղաքին հարիր տեսք է ստացել, բայց քաղաքաշինության առումով՝ նույն տեղում է»:










































