Սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ թուրք ազգաբնակչությունը սկսել է արագորեն ծերանալ։ Այս մասին տեղեկացնում է Sözcü հրատարակչությունը:
Ըստ Թուրքիայի վիճակագրության պետական կոմիտեի՝ 2012 թ. տվյալներով ՝մեծահասակների թիվը երկրի բնակչության մեջ աճում է և հասել է 7,2 %-ի, 2000 թ.այդ թիվը եղել է 5,7 %, 1990 թ.՝ 4,3 %, 1965 թ.՝ 4,0 %, 1935 թ.՝ 3,4 %:
Մասնագետները 2020 թ. թոշակառուների թվի աճը 10 % են կանխատեսում, որը Թուրքիային կահավասարեցնի եվրոպական ծերացող պետություններին: Երկրի մեծահասակների մեջ կանայք մեծամասնություն են կազմում՝ 52, 4 %: Տվյալների համաձայն՝ 65 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների 12,9 %-ը գրել-կարդալ չգիտի, ընդ որում՝ այդ ցուցանիշը կանանց մոտ 42 % է կազմում:
Տարրական դպրոց ավարտած տղամարդկանց թիվը կազմում է 51,4 %, իսկ կանանց թիվը՝ 30 %: Բարձրագույն կրթություն ստացածների մեծամասնությունը տղամարդիկ են՝ 6,2 %, կանայք կազմում են այս խմբի ընդամենը 1,2 %-ը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ թուրք ազգաբնակչության 61 %-ն իրեն երջանիկ է համարում: Երկու սեռերի համար էլ երջանկության գլխավոր աղբյուրը ընտանիքն է, կանանց մոտ երկրորդ տեղում երեխաներն են, տղամարդկանց մոտ՝ կանայք:







































