«Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, ով «Ժառանգության» հետ դաշինքով է գնում Երևանի ավագանու ընտրություններին, երեկ Ազատության հրապարակում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ եթե իշխանությունը խոհեմ չգտնվի` ընդունելու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, «վիճակը տանելու են բախման»:
«Խելացի մարդը խոհեմ լինելու դեպքում պիտի այդ առաջարկությունն ընդունի և իր թիմին ասի` տղերք, այսուհետ իրոք նոր Հայաստանում պետք է ապրենք:
Էս, կոպիտ ասած, կերակրատաշտից որ օգտվում եք, մի փոքր ձեր անձնական շահերից պիտի վեր կանգնեք, ազգի և պետության շահերով պայմանավորված, պետք է քայլ առ քայլ էս երկիրը հանենք էս իրավիճակից»,- իր պատկերացումը ներկայացրեց Մանուել Գասպարյանը` հավելելով, որ «քանի դեռ մեր երկրում անառողջ քաղաքական մթնոլորտը չի թոթափվել, պետք է երկրի նախագահը լինի հանդուրժող և կյանքի կոչի առաջարկները»:
«Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահը նաև համոզված է, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխանությունը «ջախջախիչ պարտություն է կրելու»: «Չի հաջողվելու հաղթանակը: Մենք վերջապես քաղաք ենք, ոչ թե մի կուսակցության գերի»,- հայտարարեց Մանուել Գասպարյանը:








































