Թունիսում իսլամիստական առաջնորդը ֆետվ է արձակել ընդդեմ երիտասարդ ֆեմինիստուհու, որտեղ նրան դատապարտել է մահապատժի՝ Facebook-ի սեփական էջում առանց վերնազգեստի լուսանկար տեղադրելու համար:
19-ամյա ուսանողուհի Ամինա Թայլերն անցած շաբաթ սոցիալական ցանցում լուսանկար էր տեղադրել, որում ինքը կիսամերկ էր, իսկ մարմնի վրա գրված էր. «Իմ մարմինը պատկանում է միայն ինձ և ինչ-որ մեկի պատիվը չի ներկայացնում»:
Մուսուլման առաջնորդն իր ֆետվում հայտարարել է, որ այդ արարքի համար Ամինային հարկավոր է ճիպոտահարել, այնուհետև քարերով մինչև մահ հարվածել:
Ամինայի դեմ ֆետվը միայն անարգանք չէ նրա նկատմամբ. ժամանակակից Թունիսում դա կարող է աղջկա մահվան պատճառ դառնալ:
Ամինան պատկանում է սկանդալային FEMEN-ի թունիսյան մասնաճյուղին, որը հիմնադրվել է 2008 թ.։ 2013 թ. փետրվարի 26-ին նա կազմակերպության փոստին ուղարկել է FEMEN ոճի իր առաջին լուսանկարները, որտեղ ոչ միայն առանց վերնազգեստի է, այլ մարմնին հակաիսլամական գրություն կա՝ «F**k your morals»: Հենց այդ լուսանկարներն են տեղադրվել կազմակերպության էջում։
Ինքը՝ Ամինան, ստեղծել է FEMEN Tunisie էջը, որում սկսել են հայտնվել այլ աղջիկների մերկ լուսանկարներ: Սակայն չորեքշաբթի երեկոյան սալաֆի մի ցանցահեն կոտրել է այդ էջն ու այնտեղ կրոնական բնույթի լուսանկարներ տեղադրել:













































