Շուրջ երկու տարի առաջ Սիրիայում սկսված զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաները ժամանակի ընթացքում վերածվեցին ապստամբների և կառավարական ուժերի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության: Իսկ օրեր առաջ այս հակամարտությունն էլ ավելի սրվեց:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանը մանրամասնեց, թե ինչ է տեղի ունեցել: Նրա փոխանցմամբ՝ չորս օր առաջ Հալեպի արևմտյան շրջանում՝ Հալեպից 5 կմ դեպի արևմուտք գտնվող սիրիական զինվորական կենտրոններից մեկի մոտ քիմիական հրթիռ է արձակվել, որը պարունակել է քիմիական նյութեր, հատկապես՝ քլոր:
«Այդ հրթիռի պայթյունի արդյունքում մահացել է 16 զինվորական, 11 բնակիչ, վիրավորվել՝ 40-45 մարդ, որոնցից 12-ը՝ ծանր: Դրականն այն է, որ դեպքը տեղի է ունեցել Հալեպից հեռու, հալեպահայեր, սիրիահայեր կարծես թե չեն վնասվել, հայկական թաղամասերից հեռու է պայթել հրթիռը, բայց Հալեպ կապ հաստատելն այս օրերին շատ բարդ է, կապ չկա, դրությունն էլ՝ ինչպես միշտ վերջերս»,- նշեց Սարգիս Քասարջյանը՝ հավելելով, որ կողմերից ոչ մեկը տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։
Անդրադառնալով Սիրիայի ընդդիմության և իշխանության միջև Ռուսաստանի Դաշնությունում նախատեսվող բանակցություններին՝ մեր զրուցակիցն ասաց, որ դրանք ոչ մի կերպ չեն հաջողվում: Վերջին դեպքերից հետո էլ Քասարջյանը լիահույս չէ, թե որևէ դրական տեղաշարժ տեղի կունենա:
Նշենք, որ օրեր առաջ գրանցված միջադեպին անդրադարձել են համարյա բոլոր գերտերություններն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ կազմակերպությունը կհետաքննի հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հետաքննություն անցկացնելու որոշումը կայացվել է Սիրիայի կառավարությունից ստացված պաշտոնական նամակից հետո։ Վերջիններս պնդում են, որ ապստամբները թունավոր գազեր պարունակող հրթիռ են արձակել, ինչի հետևանքով Հալեպի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում զոհվել է 26 մարդ։ Ապստամբները հերքում են իշխանությունների հայտարարություններն ու իրենց հերթին կառավարական ուժերին մեղադրում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ:







































