Իսրայելում իր եռօրյա այցի ավարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Երուսաղեմում այցելել է Հերցլի լեռ և Հոլոքոստի «Յադ վա-Շեմ» թանգարան: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Նա ծաղկեպսակ է դրել սիոնիստական շարժման հիմնադիրներից մեկի՝ Թեոդոր Հերցլի և պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի ճարտարապետներից մեկի՝ Իցհակ Ռաբինի գերեզմաններին: Վերջինս 1995 թվականին սպանվել էր աջ ծայրահեղական ակտիվիստի կողմից: Օբաման նաև նրա գերեզմանին քար է դրել, որը վերցրել էր Վաշինգտոնից՝ Մարտին Լյութեր Քինգի հուշարձանից, շփվել Իսրայելի կառավարության հանգուցալ ղեկավարի ընտանիքի անդամների հետ:
Ուղևորությունների ժամանակ նրան ուղեկցել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Հինգշաբթի Պերեսի նստավայրում պաշտոնական ընթրիքի ժամանակ Սպիտակ տան ղեկավարին շնորհվել է նախագահական մեդալ:
Ծրագրված է Օբամայի այցը նաև Բեթղեհեմ՝ Սուրբ Ծննդի բազիլիկա:
Դրանից հետո նա կվերադառնա Երուսաղեմ, ուղղաթիռով կուղևորվի «Բեն-Գուրիոն» օդանավակայան, այնտեղից էլ Հորդանան՝ բանակցելու թագավոր Աբդալլահ II-ի հետ:










































