Օգոստոսի 21-ին ժամը 03:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում դաժան ծեծի ենթարկված «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի գործով նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր փոխանցել է Հատուկ քննչական ծառայությանը՝ հետագա ընթացքը լուծելու համար: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ստացել են նյութերը եւ հնարավո՞ր է, որ արդեն քրգործ է հարուցվել: Ի պատասխան ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը խնդրեց հարցերը գրավոր ուղարկել եւ խոստացավ պատասխանել սահմանված ժամկետում:
Բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Խոցանյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ: Թեեւ նախօրեին նրան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ են տեղափոխել, սակայն վիճակը չի կայունանում, որպեսզի նրան վիրահատեն: Ինչպես տեղեկացրել ենք՝ ծեծի հետեւանքով նա ստացել է դիմածնոտային համակարգի վնասվածք, դիմային ոսկորի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի սլաջարդ:








































