«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել, որ խմբակցությունը ներկա է գտնվելու խորհրդարանի հատուկ նիստին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնելու է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրապետական խմբակցության առաջարկով Ազգային ժողովը որոշում էր կայացրել, համաձայն որի՝ խորհրդարանի հատուկ նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես կստանձնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը, տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:








































