Սիրիական ընդդիմությունը երեքշաբթի քիմիական զենք չի կիրառել: Այս մասին են վկայում ԱՄՆ Հետախուզության տվյալները՝ փոխանցում է Associated Press-ը:
ԱՄՆ-ի անանուն պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այժմ իրենք ունեն ծանրակշիռ տվյալներ, որ քիմիական զենք չի կիրառվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հավելյալ տեղեկությունների հավաքման ամերիկյան կողմի ջանքերը նշանավորվել են նրանով, որ ներկայում Վաշինգտոնը հակված է կարծել, որ Սիրիայում կիրառվել են ինչ-որ քիմիական միացություններ՝ որպես մարտական թունավոր նյութ: Թե կոնկրետ ինչ միացության մասին է խոսքը և թե ԱՄՆ հատուկ ծառայությունների եզրակացությամբ՝ ով է կրում կատարվածի պատասխանատվությունը՝ չի հստակեցվում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպության մասնագետները այդ առնչությամբ հետաքննություն են անցկացնում:
Նշենք, որ երեքշաբթի Հալեպ նահանգում քիմիական զենքով իրականացված հարձակման զոհ էր դարձել 25 մարդ, ևս 110-ը լրջորեն տուժել էին:
Մեկ օր անց Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խնդրել էր հետաքննել ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու գործը: Ֆրանսիայի խնդրանքով հարցը չորեքշաբթի բարձրացվել էր Անվտանգության խորհրդի նիստում: Արևմտյան երկրները կոչ էին արել հետաքննել բոլոր հաղորդագրությունները, այդ թվում՝ պնդումը սիրիական իշխանությունների կողմից թունավոր գազի կիրառման մասին:











































