Գիտնականները պարզել են, որ երբ մարդը ստիպված է արագ գործողություն կատարել՝ ի պատասխան արտաքին գրգռիչին, օրինակ՝ արագ արգելակել փողոցով անցնող շուն տեսնելիս՝ նրա հիշողությունը չի ֆիքսում այն, ինչ կատարվում է շուրջը: Հետազոտությունը հրապարակվել է The Journal of Neuroscience-ում:
Փորձի ընթացքում մասնակիցներին համակարգչի էկրանին ցույց են տվել տղամարդկանց և կանանց դեմքեր: Նրանցից պահանջվել է արագ սեղմել կոճակը միայն այն դեպքում, երբ տեսնեն կա՛մ տղամարդու, կա՛մ կնոջ լուսանկար: Փորձի մասնակիցները 120 լուսանկար են նայել: Փորձից հետո գիտնականները նորից մի քանի լուսանկար են ցույց տվել և հարցրել՝ արդյոք դրանք եղել են առաջին առաջադրանքի ընթացքում տեսածների մեջ: Այդ հարցին մասնակիցները չեն կարողացել պատասխանել:
Հետազոտության հեղինակները պնդում են՝ արտաքին գրգռիչին ի պատասխան կտրուկ և արագ գործողությունները խանգարում են գլխուղեղի այն մասի աշխատանքին, որը պատասխանատու է հիշողության ձևավորման համար: Ինչու է այդպես՝ գիտնականներն առայժմ չեն կարող ասել, բայց պատրաստվում են շարունակել իրենց աշխատանքը:










































