Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան ստեղծումից 85 տարի անց ստացել է ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակ: Տասնամյակներ շարունակ արգելված կառույցը, որը հեղափոխությունից հետո եկավ իշխանության, այժմ գրանցված է պաշտոնապես: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի սոցիալական ապահովության նախարար Նագվա Հուսեյն Ահմեդ Խալիլը:
Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունների գործունեության մասին օրենքների պահանջներին իսլամիստական խումբը համապատասխանում է 2002 թվականից:
Անհրաժեշտ ստուգումից հետո այն ընդգրկվել է ոչ կառավարական կազմակերպությունների ռեեստրում: Այժմ նախարարությունը պետք է հետևի կազմակերպության ֆինանսավորման աղբյուրներին՝ հավելել է գերատեսչության ղեկավարը:
Գրանցման փաստաթղթերը «Մուսուլման եղբայրները» ներկայացրել է երկու օր առաջ, և միանգամից դրական պատասխան ստացել. սովորաբար Եգիպտոսում նման գործընթացները տևում են ամիսներ կամ տարիներ:
Ասոցիացիայի նման արագ օրինականացումը բացատրվում է ընդդիմադիր ուժերի կողմից անօրինական ճանաչվելու փորձերից իսլամիստների ինքնաապահովագրմամբ: Վերջին տարիներին դատախազությունում բազմաթիվ հայցեր են ստացվել իսլամիստական շարժման ու դրա քաղաքական թևի արձակման մասին:
«Մուսուլման եղբայրներ» շարժումը հիմնադրվել է 1928 թվականին՝ Իսմայիլիայից երիտասարդ ուսուցիչ Հասան Ալ-Բաննի կողմից: Սկզբում շարժումը բացառապես կրոնական բնույթ էր կրում և զբաղվում միսիոներական գործունեությամբ՝ հանդես գալով Արևմուտքի ազդեցության դեմ: Տարիների ընթացքում կառույցը քաղաքականացվեց, իսկ նրա ակտիվիստները սկսեցին ահաբեկչության և բռնության մարտավարությունը կիրառել որպես պետության վրա ճնշման միջոց:






































